Ահա և գիշերվա չորրորդ ժամը եկավ -
ես արթուն եմ, ինչպես հերթապահ ծղրիդը,
որ բանբեր է կարգված այգաբացի:-
Իմ երգը, սակայն, լսելի է միայն լուսնահարներին,
իսկ ավետիսներս հրեշտակները դեռ պիտի կնքեն:-
Ես անցնում եմ ոսկրե պարիսպների միջով
քարսիրտ ժամանակի,
և փերիներն են ոգեշողանքով ուղեկցում ինձ,-
քաղցրախոս են նրանք, սիրատենչիկ, մեղուշ,
նրանք չգիտեն իմ դառնության լեզուն,
իսկ ինձ անծանոթ է անուշ բառերի տեղագրությունը,
բայց կասեմ՝ ոնց է թախիծը բուրում
և աղապատանքի քաջվարդեր քաղում գիշերվա ծոցից:
- Քույր, ամեն ծղրիդ մոռացության ձայն է իր երամի մեջ,
նա օրհասն է երգում շնչակտուր, կանչում միակին այն,
ում պիտի ընծայի գեղոնները վաղվա:
Երբ ցողը իջնում է նրա երգի վրա,
հասկանում է՝ պահն է շաղավոտի,
և նա պիտի լռի առժամանակ - խորհի գալիք սիրո,
թարմ երազներ բերող առավոտվա մասին…
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ